суббота, 20 сентября 2014 г.

Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

«Միտքս չկրցի հասկցնել...»

Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:
-Բիթլիսցի գրող կա՞ այստեղ:
Սեղմեց ձեռքը.
-Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:
-Կհիշեմ:
-Այստեղ ընտանիք ունե՞ս...
-Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:
-Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:
-Կա:
Լռություն:
-Բիթլիս կհիշե՞ս:
Երբ դուրս եկանք, գանգատվեց.
-Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել... Ինչ անպիտան մարդ եմ:

------

Նրան ամեն ինչ զարմացնում է

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է:
Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով:
Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
-Անունդ ի՞նչ է:
-Ալմաստ:
-Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը...
-Զինե..
-Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
-Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

------

«Որո՞ւն զարմացնեմ...»

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:
-Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:
-Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:
Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով...
Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:
-Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես,-պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով...
-Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ Կամչնամ:

-----

Լեզվագիտական խնդիրներ

-Մի անգամ նստած տունը կաշխատեմ, կլսեմ, որ մայրս դրացի անգլուհու` միսիս Մերիի հետ կխոսի: Իրար ածուներեն բաներ մը ցույց կուտան, բաներ մը կխոսին. մայրս` հայերեն, անգլուհին` անգլերեն: Հետո կամաց-կամաց անոնց խոսակցությունը իջավ-իջավ ու մարեց. դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտավ.
-Բարկացած կերեւիս,-ըսի:
-Եւ իրավունք ունիմ բարկանալու,-ասաց մայրս,-ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսավոր երկիր, ամեն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանհինգ տարի է այստեղ կապրի, ինչու՞ հայերեն չի խոսեր...

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 476-482 

Комментариев нет:

Отправить комментарий